Հայաստանում ՔՀԿ ոլորտի կայունությունը բարելավվել է 0.1 կետով՝ 2017 թվականի 3.7 միավորից դառնալով 3.6 միավոր, իսկ նույն ժամանակահատվածում հարևան Վրաստանում և Ադրբեջանում այս ցուցանիշն անկում է գրանցել: Այս մասին հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2018, Հայաստան» զեկույցի շնորհանդեսի ժամանակ խոսեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փորձագետ Սոնյա Մսրյանը: Վերջինս մի շարք հասարակական կազմակերպությունների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությանը ներկայացրեց արդեն ամենամյա դարձած զեկույցի արդյունքները: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում ՔՀԿ ոլորտի կայունությունը բարելավվել է՝ շնորհիվ բոլոր յոթ ցուցանիշներով գրանցված առաջընթացի։
Շահերի պաշտպանության ոլորտում բարելավումը մասնավորապես պայմանավորված է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին քաղաքական իրադարձությունների ընթացքում ՔՀԿ-ների ստանձնած առանցքային դերակատարմամբ։
Իրավական միջավայրը բարելավվել է ՔՀԿ ոլորտի նկատմամբ պետության կողմից իրականացվող ոտնձգությունների նվազման շնորհիվ։ Կարողությունների զարգացման դրամաշնորհային մեծ թվով ծրագրերը նպաստել են ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների բարելավմանը, առավել բարձր որակի ծառայությունների մատուցմանը և ֆինանսական ռեսուրսների դիվերսիֆիկացիային։ Ոլորտի ենթակառուցվածքներն ընդլայնվել են՝ ՔՀԿ երկխոսության և համագործակցության առավել նոր և բարելավված հարթակների, ինչպես նաև կարողությունների զարգացման ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունների առավել լայն շրջանակի շնորհիվ։
ՔՀԿ-ների հանրային ընկալումը բարելավվել է մեդիա դաշտում ՔՀԿ-ների առավել լայն լուսաբանման և Թավշյա հեղափոխությունից հետո հանրային և կառավարման մարմինների կողմից ոլորտի ընկալման բարելավման արդյունքում։
Կայունության ամենաբարձր աճը գրանցվել է շահերի պաշտպանության ցուցանիշով (2.8), մինչդեռ ՔԿՀ ոլորտի ֆինանսական կայունությունը շարունակում է մնալ որպես առավել մտահոգիչ (4.9): 2018թ. ընթացքում ՔՀԿ ոլորտի կայունության առավել մեծ աճ գրանցվել է շահերի պաշտպանության և հանրային ընկալման ցուցանիշներով:
USAID-ի մեթոդաբանությամբ արդեն թվով 22-րդ զեկույցների շարքը պարբերաբար ներկայացնում է ՔՀԿ ոլորտի վիճակը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի 24 երկրներում:
2018 ընթացքում յոթ երկրներ` Լիտվան, Սլովենիան, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան, Վրաստանը, Ադրբեջանը և Բելառուսը արձանագրել են ՔՀԿ ոլորտի կայունության անկում, մինչդեռ ինը այլ երկրներ՝ Լեհաստանը, Սլովակիան, Ուկրաինան, Բուլղարիան, Խորվաթիան, Ռումինիան, Բոսնիան, Հունգարիան և Հայաստանը արձանագրել են կայունության աճ: Մյուս երկրներում՝ Էստոնիայում, Չեխիայում, Լատվիայում, Ալբանիայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Սերբիայում և Ռուսաստանում ՔՀԿ կայունության գնահատականը մնացել է անփոփոխ։
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Profit Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Զեկույցի ներկայացմանը ներկա էր նաև USAID-Armenia-ի տնօրեն Դեբորա Գրիզերը:
Զեկույցների էլեկտրոնային տարբերակները տե՛ս ստորև՝
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2018, Հայաստան»
“Civil Society Organization Sustainability Index 2018 for Armenia”
back to all news
This website is made possible by the support of the American people through the USAID, within the framework of the "CSO DePo: Civil Society Development Program''. The contents of this website are the sole responsibility of the authors and do not necessary reflect the views of USAID or the United States Government.