Announcements

09-19-2020

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Հայության հոգևոր արժեհամակարգի զարգացման և պետականության ամրապնդման համազգային աջակցման հարթակի ստեղծման մասին

Ներկայիս Հայաստանի տնտեսական և քաղաքական խիստ անկայուն ու վտանգավոր վիճակը, չավարտված պատերազմը, ահագնացող ներքին անհամերաշխությունը, երբեմն նույնիսկ ակնհայտ դավաճանական դրսևորումները, ինչպես նաև պետական կառավարման կարեւոր հարցերում իշխանւթյան անվճռականությունը շարունակաբար ծանրացնում են երկրում առկա խնդիրները։ Դրանց գումարած նաև արտաքին ուժերի ազդեցության խայտաբղետ խճանկարը, աշխարհաքաղաքական անբարենպաստ, հաճախ՝ ագրեսիվ նկրտումները լրջորեն բարդացնում են Հայաստանի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Միաբանության պակասը, հեղափոխական էական փոփոխությունների բացակայությունը, ժողովրդի մեջ հետզհետե աճող հիասթափությունն ու բողոքների նորանոր ալիքները էլ ավելի են կարեւորում իրավիճակին անկողմնակալ գնահատական տալու, կտրուկ և գործնական փոփոխություններ հնարավորինս արագ իրականացնելու անհրաժեշտությունը։
Իրավիճակը պահանջում է Հայաստանի և Սփյուռքի առողջ և շահագրգիռ ուժերի, քաղաքական, գիտական, տնտեսական, մասնագիտական և այլ ռեսուրսների շտապ միավորում, գործնական և արագ արձագանքման համակարգի ստեղծում։ Սակայն այդ ամենը կարող է լիարժեքորեն իրականացվել միայն հայության հետզհետե մոռացվող հոգևոր և մշակութային արժեհամակարգի վերականգնման և հանրայնացման հետ միաժամանակ՝ ապահովելու ձեռնարկվող նախաձեռնությունների հայրենասիրական ամուր հիմքը, կայունությունն ու հեռանկարային ակնկալիքները։
Փաստ է, որ և Հայաստանում և Սփյուռքում կան մտավոր, մշակութային, քաղաքական և այլ հզոր ռեսուրսներ, որոնք կարող են իրականացնել էական բարեփոխումներ, սակայն դրանք լայնորեն սփռված են, անհրաժեշտ մակարդակով չեն միավորված և ադյունավետ չեն օգտագործվում։ Հիմա արդեն հրամայական անհրաժեշտություն է դառնում կուսակցական, խմբային, հատվածական և այլ նեղ շահերից վեր հայության հոգեկերտվածքը պահող ինքնության առանցքի շուրջ ողջ հայության ներուժի միավորումը։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա։
Վանո Դադոյանի կոչի ներքո ձեւավորված նախաձեռնող խումբը ստեղծում է “Հայության հոգեւոր արժեհամակարգի զարգացման և պետականության ամրապնդման Համազգային Աջակցման Հարթակ” (այսուհետ՝ ՀԱՀ)։ Այն կհրավիրի, կմիավորի և կկազմակերպի մարդկային, մասնագիտական, նորարական և այլ հնարավոր ռեսուրսներ՝ հայության հոգևոր արժեհամակարգի զարգացման ու պետականության ամրապնդման, այդ թվում՝ Հայաստանի և Սփյուռքի կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված համազգային հաղորդակցման դաշտի ստեղծման, ուսումնասիրությունների, կարծիքների և լուծումների առաջարկման, քննարկումների, որոշումների կայացման և, վերջապես, գործնական քայլերի իրականացման նպատակով։
ՀԱՀ-ի հիմնական թեմաները ներառելու են հետևյալ նախաձեռնությունները․
1. Ազգային հոգևոր մոռացվող մշակույթի վերականգնում և հանրայնացում,
2. Ազգային պատմության կարևոր դրվագների ու մշակութային ավանդույթների բացահայտում, հրապարակում և տարածում,
3. Հայաստան – Սփյուռք միասնական հանրության ձևավորման նոր սկզբունքների և հնարավորությունների բացահայտում,
4. Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության էական բարելավմանն ուղղված նոր հնարավորությունների խրախուսում և աջակցում։
ՀԱՀ-ի գործունեության ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ կոնֆերենցիաներ, հանդիպումեր, անհատական դեմառդեմ, նաև վիդեո/ձայնային այլ կապերով քննարկումներ և այլն։ Այդ նպատակով ՀԱՀ-ը կունենա ինտերնետային մասնագիտացված կայք (հաղորդակցման կենտրոն՝ Hub) և սոցիալական ցանցերում ակտիվ ներկայություն։ Ակնկալվում է, որ իր նպատակների շրջանակներում հետզհետե կընդլայնվի ՀԱՀ-ի թեմաների բազմազանությունը, երևան կգան և կիրականացվեն նոր նախաձեռնություններ։
ՀԱՀ-ի ստեղծման, գաղափարական հենքի ձևավորման, ինչպես նաեւ գործունեության առաջին փուլի իրականացման նպատակով բարյացակամ աջակցություն է տրամադրվում մեր ամերիկաբնակ ազգասերների կողմից։ Հուսով ենք, որ իր գործունեության և արդյունքների շնորհիվ ՀԱՀ-ը Հայաստանից և Սփյուռքից կունենա բազմաթիվ այլ աջակիցներ ևս։
ՀԱՀ-ի գործունեության մասին լրացուցիչ և ավելի մանրամասն տեղեկությունները շուտով կհրապարակվեն։
ՀԱՀ նախաձեռնող խումբ
16 սեպտեմբերի 2020թ․
back to all news

comments