News

06-26-2019

Հայկական բիզնես կոալիցիան ամփոփեց իր առաջին տարվա աշխատանքները

Հունիսի 26-ին տեղի ունեցավ <<Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) կարողությունների զարգացում>> ենթադրամաշնորհային ծրագրի ավարտական կոնֆերանսը:

Միջոցառմանը ներկա էին Հայկական բիզնես կոալիցիայի անդամները և ոլորտով հետաքրքրված անձինք, ՔՀԿ ներկայացուցիչներ, նաև <<Իրավաբանների հայկական ասոցացիա>> ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, <<ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի>> փոխնախագահ Հակոբ Ավագյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ովքեր իրենց ողջույնի խոսքում կարևորեցին ՀԲԿ-ի դերը և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորում:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն, ՀԲԿ քարտուղար Գագիկ Վարդանյանը: Խոսելով վերջերս տնտեսական հեղափոխության մասին իշխանության արած հայտարարությունների և այսօր արդեն առկա հնարավորությունների մասին՝ Գագիկ Վարդանյանը նշեց. <<Անհրաժեշտ է համախմբել Հայաստանի ՔՀԿ-ների ներուժը, առանց որի՝ ոլորտային նշանակության էական բարելավումներ առաջարկել, պահանջել և իրականացնել չի ստացվի: Պետք է օգտագործել այդ հնարավորությունները, մասնավորապես՝ հանրային քննարկումները ձևականից գործնական և սրտացավ հարթություն տեղափոխելու, պետության տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վրա ազդելու, ՓՄՁ ռազմավարության մշակման մեջ առարկայական ներդրում ունենալու, սոցիալական ձեռնարկատիրությունը պետության ռազմավարության մեջ և կրթական համակարգում ներառելու և պետական աջակցություն տրամադրելու, համայնքային ֆինանսների նախագծման և կառավարման նկատմամբ հանրային մշտադիտարկում և հսկողություն իրականացնելու և այլն>>:

Գագիկ Վարդանյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց նաև Հայկական բիզնես կոալիցիայի գործունեության ընթացքը, արձանագրած արդյունքները և հետագա շարունակության ապահովման հնարավորությունները:

Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի նախագահ, ՀԲԿ կառավարման խորհրդի անդամ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց ձեռնարկատիրական, մասնավորապես՝ սոցիալական ձեռնարկատիրության կրթության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները:

«Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՀԲԿ կառավարման խորհրդի անդամ Անահիտ Շահզադյանը ներկայացրեց Գավառ քաղաքում բիզնես հաշտարարի ծառայությունների պիլոտային փորձարկման արդյունքները: Նա նշեց, որ բիզնես հաշտարարներին առավել հաճախ դիմել են միկրո և փոքր բիզնեսները: Անահիտ Շահզադյանը հատուկ ընդգծեց, որ Գավառի բիզնես հաշտարարի գրասենյակը շարունակելու է գործել:

              Ծրագիրն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ իրականացող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում։

 

 

                      

back to all news

comments