News

09-10-2020

Ի՞նչ փոփոխություններ են գրանցվել Հայաստանի ՔՀԿ ոլորտում 2019 թվականին

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին կայացավ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) կողմից մշակված և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2019, Հայաստան» թվով 23-րդ զեկույցի առցանց (ZOOM ձևաչափով)  ներկայացում-քննարկումը, որին մասնակցեցին կառավարության, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև USAID Armenia-ի տնօրեն Դեբորա Գրիզերը:

Արդեն 6-րդ անգամն է, որ ՔԶՀՀ-ն իրականացնում է տարեկան ուսումնասիրություններ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները գնահատելու նպատակով։

Զեկույցի ներկայացմանը ՔԶՀՀ տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ այս ցուցանիշները եզակի և կարևոր գործիք են ՔՀԿ-ների, կառավարությունների, դոնորների, սոցիոլոգների և շահագրգիռ բազմաթիվ այլ կողմերի համար՝ հասկանալու, թե ինչպիսին են ՔՀԿ ոլորտի վիճակը, կայունության աստիճանը, միտումները և զարգացումները:

ՔԶՀՀ փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց 2019 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին․

  1. Իրավական միջավայր,
  2. Կազմակերպական կարողություներ,
  3. Ֆինանսական կայունություն,
  4. Շահերի պաշտպանություն,
  5. Ծառայությունների մատուցում,
  6. Ոլորտային ենթակառուցվածքներ,
  7. Հանրային ընկալում։

Համաձայն իրականացված հետազոտության՝ ՔՀԿ ոլորտի ընդհանուր կայունությունը 2019 թ-ի ընթացքում նշանակալի փոփոխությունների չի ենթարկվել, թեև որոշակի բարելավումներ նկատվել են կազմակերպական կարողությունների և շահերի պաշտպանության ոլորտներում։ ՔՀԿ շահերի պաշտպանությունը բարելավվել է՝ շնորհիվ ՔՀԿ կոալիցիաների՝ հանրային քաղաքականությունների մշակման վրա ազդեցության մեծացման։

Սոնյա Մսրյանը նաև մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի ՔՀԿ ոլորտի կայունության ցուցանիշների համեմատությունները ԱՊՀ 6 այլ երկրների ցուցանիշների, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր 24 երկրների ՔՀԿ ոլորտի կայունության ցուցանիշների նկատմամբ՝ հասկանալու համար Հայաստանի ՔՀԿ ոլորտի հաջողություները, խնդիրները և զարգացման միտումները։

Զեկույցի Հետազոտական աշխատանքներում ներգրավվել են 19 էքսպերտներ՝ ՔՀԿ ոլորտին առնչվող տարբեր մասնագիտություններով՝ տեղական, միջազգային և կառավարության հետ անմիջականորեն համագործակցող հասարակական կազմակերպություններից, Think Tank-երից և ռեսուրս կենտրոններից, որոնք աշխատում են Երևան, Գեղարքունիք, Լոռի և Սյունիք մարզերում։

 

Զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Profit Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ: 

Զեկույցների էլեկտրոնային տարբերակները տե՛ս ստորև՝

<<Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2019, Հայաստան>>

“Civil Society Organization Sustainability Index 2019 for Armenia”

back to all news

comments