News

07-13-2018

Ամառային հանգիստ <<Ծիծեռնակ>> ճամբարում

Հուլիսի 2-12-ը Վանաձորի <<Ծիծեռնակ>> ճամբարում երկու հերթափոխով իրենց ամառային հանգիստն անցկացրին Նոյեմբերյան, Իջևան և Մեծամոր քաղաքների 10-15 տարեկան շուրջ 60 երեխաներ, ովքեր ներառված են <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրում: Երեխաների ճամբարային հանգիստն ուղեկցվեց մշակութային հետաքրքիր իրադարձություններով, սպորտային խաղ-մրցույթներով, արշավներով, ինչպես նաև ուսուցողական դասընթացով:

Դասընթացավար Լիլիթ Մուրադյանի օգնությամբ երեխաները ձեռք բերեցին նոր ու օգտակար գիտելիքներ ինքնաճանաչում, նպատակների սահմանում, միջանձնային կոնֆլիկտներ, հանդուրժողականություն, գենդեր, պատասխանատվություն, առողջ ապրելակերպ թեմաների մասին:

Խմբային և անհատական աշխատանքների, դերային խաղերի, քննարկումների ու վարժությունների միջոցով իրականացող այս դասընթացի նպատակն էր խթանել երեխաների ինքնաճանաչումն ու ինքնազարգացումը, նպաստել նրանց ինքնաբացահայտմանը և ինքնավստահության ամրապնդմանը, հասկանալ, թե ինչ են կոնֆլիկտը, գենդերը, բռնությունը, խթանել պատասխանատու վարքագծի ձևավորմանը, նպաստել ստեղծագործական մտածողության զարգացմանը: Դասընթացն ավարտվեց ամփոփիչ վիկտորինայով, որի արդյունքում հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և <<Ընտանիք և համայնք>> ՀԿ-ի համագործակցության արդյունքում իրականացող այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից և իրականանում է <<Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը>>  ծրագրի աջակցությամբ, նպատակաուղղված  է Տավուշի մարզի Իջևան ու Նոյեմբերյան և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքների խոցելի ընտանիքների ավելի քան 150 երեխաների ներգրավել մշակութային կյանքին, զարգացնել նրանց ստեղծագործական ներուժը և ապահովել նրանց ներառումը համայնքում:

back to all news

comments