News

05-14-2019

Տեղի ունեցավ «Բիզնես հաշտարարի ինստիտուտ. ներդրման հնարավորություններն ու խնդիրները» խորագրով կլոր-սեղան քննարկում

Հայկական բիզնես կոալիցիան և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ICHD) մայիսի 14-ին համատեղ նախաձեռնել էին «Բիզնես հաշտարարի ինստիտուտ. ներդրման հնարավորություններն ու խնդիրները» խորագրով կլոր-սեղան քննարկումը: Ներկայացվեցին և քննարկվեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Հայկական բիզնես կոալիցիայի կողմից «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» նախաձեռնության շրջանակներում իրականացված հետազոտության, այդ թվում՝ միջազգային առկա փորձի, ինչպես նաև Գավառ և Գյումրի քաղաքներում բիզնես հաշտարարի գործունեության պիլոտային ծրագրի արդյունքները: Քննարկվեցին նաև Հայաստանում բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման հնարավորությունները, անհրաժեշտությունն ու խնդիրները։ Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ կոալիցիայի անդամ կազմակերպություններից, ոլորտը կարգավորող պետական կառույցներից, ՄԻՊ գրասենյակից և շահագրգիռ այլ կազմակերպություններից:

Հանդիպման ընթացքում մի քանի անգամ կարծիք հնչեց, որ անհրաժեշտ է ստեղծվելիք կառույցի համար մշակել գործունեության հստակ ուղղություններ, որոնք չեն կրկնի ՄԻՊ գրասենյակի հիմնական գործառույթները: Այն պետք է ունենա մարդու իրավունքների պաշտպանի ստանձնած լիազորություններին լրացնող գործառույթներ և ըստ անհրաժեշտության՝ այս կամ այն գործը փոխանցի ՄԻՊ գրասենյակին:

Բիզնես ոլորտի ներկայացուցիչների և այս ուղղությամբ շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչների խոսքով՝ բիզնես հաշտարարի անհրաժեշտությունը վաղուց կասկածից վեր է: Այս են վկայել նաև կոալիցիայի կողմից իրականացված հարցումները, որոնց մասնակցել են 300 ՓՄՁ-ներ, որի դեպքում հարցումների արդյունքների գնահատման սխալի չափը 5 տոկոսից պակաս է: Ըստ այդ հարցումների՝ հարցվածների 82 տոկոսն իր գործունեության ընթացքում պարբերաբար բախվել է բիզնեսին առնչվող պետական մարմինների հետ հաղորդակցվելու համար  միջնորդ օղակի դիմելու խնդրին, որը, սակայն, մինչև օրս Հայաստանում բացակայումէ: 

Հանդիպման ավարտին ներկաներն արձանագրեցին, որ նման կառույցի առկայությունը Հայաստանում իրականացվող փոփոխությունների այս շրջափուլում միանշանակ կարևոր է՝ հաշվի առնելով նաև դատական համակարգի հանդեպ ունեցած վստահության ցածր ցուցանիշներն ու այն պրոցեսները:

Անհրաժեշտ է այս նախաձեռնությունը շարունակել՝ կատարելով հաջորդ քայլերը՝ բիզնես հաշտարարի (կամ հնարավոր է այլ անվամբ) ինստիտուտի ստեղծման, ֆինանսավորման և համապատասխան լիազորությունների ապահովման խնդիրների լուծման նպատակով: 

 

                   

back to all news

comments