Հայտարարություններ

09-22-2021

ՔՀԿ-ԿԻ 2020 Զեկույցի ներկայացում-քննարկում

Հարգելի գործընկերներ,

Ինչպես գիտեք, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունն ամեն տարի նախաձեռնում է Եվրոպայի եւ Եվրասիայի 24 երկրների՝ ներառյալ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ոլորտում հիմնական զարգացումների, միտումների, հաջողությունների, մարտահրավերների եւ կայունության ինդեքսի (ՔՀԿ-ԿԻ) վերաբերյալ ուսումնասիրություններ: Արդյունքում՝ պատրաստված  զեկույցները ծառայում են որպես եզակի եւ կարևոր գործիք`տեղական ՀԿ-ների, կառավարությունների, դոնորների, գիտնականների եւ ուրիշների համար՝ հասկանալու իրավիճակը եւ չափելու ՔՀԿ ոլորտի կայունությունը: Հայաստանում ՔՀԿ-ԿԻ վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմամբ, վերլուծությամբ եւ զեկույցի պատրաստմամբ վերջին մի քանի տարին զբաղվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (CDPF):

2020 թվականը ծանր տարի էր Հայաստանի համար՝ առավելապես պայմանավորված Քովիդ-19-ով և հատկապես՝ 44-օրյա աղետալի պատերազմով: Իրավիճակն էապես ազդեց նաև ՔՀԿ ոլորտի վրա, ինչը ներկայացված է ՔՀԿ-ԿԻ 2020 Զեկույցում, որը կներկայացվի բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, կառավարությանը, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ուրախ կլինենք Զեկույցի շնորհանդեսին ձեր մասնակցության համար և հրավիրում ենք ակտիվորեն մասնակցել քննարկումներին: 

Հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19-ի զարգացման ներկայիս տեմպը և վարակման ռիսկերի աճը, ներկայացումը կիրականացվի ZOOM-ի միջոցով, հղումը ստորև. 

https://us02web.zoom.us/j/89285680115?pwd=MElnd2VYYzJHNXg2VVJpY1NQSWo0Zz09#success

Շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, սկիզբը՝ 16:00: Ենթադրվում է, որ այն կտևի մոտ 1,5 ժամ:

 

Շնորհակալություն:

Հարգանքով՝

Գագիկ Վարդանյան

Տնօրեն, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ

Հասցե՝        ք. Երևան, Ջրաշատի փ. 35

Հեռ.՝            096-419657; 091-576670

12-20-2020

ՔՀԿ ոլորտի գնահատման առցանց հարցում

ՔՀԿ ոլորտի հարգելի ներկայացուցիչներ և փորձագետներ, ՔԶՀՀ-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում ՔՀԿ ոլորտի գնահատման առցանց հարցում։
 
Ինչպես գիտեք, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունն ամեն տարի նախաձեռնում է Եվրոպայի և Եվրասիայի 24 երկրների՝ ներառյալ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կայունության ինդեքսի (ԿԻ) զեկույցի մշակումը, որում արտացոլվում են ոլորտի հիմնական զարգացումները, միտումները, հաջողությունները և մարտահրավերները վերջին տարվա ընթացքում։ Հայաստանում ՔՀԿ ԿԻ զեկույցն իրականացվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) կողմից։
 
Այս տարի ընդլայնվել է զեկույցի կազմման մեթոդաբանությունը և ավանդական փորձագիտական գնահատմանն ավելացել է ևս մեկ բաղադրիչ՝ ՔՀԿ ոլորտի ներկայացուցիչների և փորձագետների կողմից ոլորտի առցանց գնահատումը։ Այս մեթոդը հնարավորություն կտա մեզ առավել ընդլանված և համապարփակ պատկերացում ունենալ 2020 թվականի ընթացքում ՔՀԿ ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների, զարգացումների և հիմնական միտումների մասին՝ ստանալով որոշակի ներկայացուցչական տվյալներ առավել մեծ թվով ՔՀԿ-ներից։ Եվ քանի որ 2020 թվականը կարող ենք համարել բոլոր առումներով բարդ և “վերլուծությանը դժվար ենթարկվող” տարի, Ձեր մասնակցությունը և Ձեր կողմից տրված պատասխանները մեզ համար ստանում են էական նշանակություն՝ առավել ճշգրիտ արտացոլելու ստեղծված իրավիճակը Կայունության ինդեքսի զեկույցում։
 
Գնահատումը կտևի 10-ից 15 րոպե։ Կարող ենք բաց թողնել ՔՀԿ կայունությանը վերաբերող այն հարցերը, որոնք համարում եք, որ դուրս են Ձեր փորձագիտական գիտելիքների դաշտից։ Դա
հնարավորություն կտա նաև խնայել Ձեր ժամանակը։
 
Շնորհակալություն գնահատմանը մասնակցելու Ձեր պատրաստակամության համար։
09-28-2020

Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի դեմ խախտում է մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն ու միջազգային արժեքները․ Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանց

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը և միջազգային իրավունքի նորմերը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով Արցախին (Լեռնային Ղարաբաղ) հասցվել են տասնյակ մարդկային զոհեր և զգալի կորուստներ։ Ադրբեջանի զինված հարձակման զոհ են դարձել Մարտակերտի, Մարտունու, Ստեփանակերտի և այլ քաղաքների ու գյուղերի խաղաղ բնակչությունը, որոնց թվում է նաև երեխա։ Ադրբեջանի ռազմական գործողությունների թիրախում է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ և տներ։ Նման պայմաններում, ակնհայտ կերպով խախտելով Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստեղծել է իրական վտանգ կանանց, երեխաների և Արցախի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

 

Ընդ որում, Ադրբեջանի կողմից այս մեծ ծավալով ռազմական ուժերի և տեխնիկայի ներգրավումը, ինչպես նաև մի շարք այլ ապացույցների համակցությունը վկայում է այն մասին, որ այս զինված հարձակումը վերջինիս կողմից ծրագրավորվել է Թուրքիայի օժանդակությամբ և մասնակցությամբ՝ նախապես։

 

Այս ռազմական ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու մարդասիրական նորմերը, այլև ոտնահարում է միջազգայնորեն հանրաճանաչ արժեքները, որոնք առաջնային են դիտում մարդու կյանքի իրավունքը, խտրականության բոլոր ձևերի բացառումը, խոշտանգման արգելքը և խստորեն դատապարտում են ազգային ինքորոշմամբ պայմանավորված զանգվածային ոչնչացումները։ Նման զինված ագրեսիան չպետք է հանդուրժվի, ավելի այն պետք է ստանա համարժեք գնահատական և խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

 

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը հայտնում է իր պատրաստակամությունը աջակցել Արցախին և Հայաստանի Հարապետությանը՝ նպատակ ունենալով նպաստել Արցախի բնակչության անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, տարածաշրջանային կայունության և խաղաղության վերահաստատմանը։

 

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ, և կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, հրատապ կերպով ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ և ձեռնամուխ լինեն խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։

 

Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցի խորհուրդ՝

 

  • «ՀամաԶարԿ» («Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում») կոալիցիա
  • Հայաստանի գյուղատնտեսական դաշինք
  • ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիա
  • Հայկական կրթական ցանց
  • Հայկական բիզնես կոալիցիա
  • «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց
  • «Հանուն հավասար իրավունքների» կոալիցիա
  • «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց» կոալիցիա
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիա
  • Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
  • Աշխատողների իրավունքների պաշտպանության հասարակական կոալիցիա
  • Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման ու զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիա
  • ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կոալիցիա
  • Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանց
  • Իրավաբանների հայկական ասոցիացիա` Ցանցի քարտուղարությունը իրականացնող կազմակերպություն

 

Հավելենք, որ հայտարությունը ընդունվել է Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցի խորհրդի հեռավար եղանակով գումարած նիստում` 2020 թվականի սեպտեմբերի 27-28-ին:

 

Ծանոթություն։ Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցը ստեղծվել է 2019 թվականի փետրվարին Եվրոպական միության կողմից ֆինանսավորված Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում (https://ccd.armla.am)։ Ցանցը ներկայումս միավորում է 14 ոլորտային կոալիցիաների՝ շուրջ 250 ՔՀԿ-ների անդամությամբ: Նշված Կոալիցիաները բազմապրոֆիլ են և ներկայացնում տարբեր ոլորտներ, ինչպես օրինակ՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, էներգետիկա, գյուղատնտեսության, հանրային ֆինանսների կառավարում, տնտեսություն, բիզնես և այլն։

 

«28» սեպտեմբերի, 2020

09-19-2020

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Հայության հոգևոր արժեհամակարգի զարգացման և պետականության ամրապնդման համազգային աջակցման հարթակի ստեղծման մասին

Ներկայիս Հայաստանի տնտեսական և քաղաքական խիստ անկայուն ու վտանգավոր վիճակը, չավարտված պատերազմը, ահագնացող ներքին անհամերաշխությունը, երբեմն նույնիսկ ակնհայտ դավաճանական դրսևորումները, ինչպես նաև պետական կառավարման կարեւոր հարցերում իշխանւթյան անվճռականությունը շարունակաբար ծանրացնում են երկրում առկա խնդիրները։ Դրանց գումարած նաև արտաքին ուժերի ազդեցության խայտաբղետ խճանկարը, աշխարհաքաղաքական անբարենպաստ, հաճախ՝ ագրեսիվ նկրտումները լրջորեն բարդացնում են Հայաստանի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Միաբանության պակասը, հեղափոխական էական փոփոխությունների բացակայությունը, ժողովրդի մեջ հետզհետե աճող հիասթափությունն ու բողոքների նորանոր ալիքները էլ ավելի են կարեւորում իրավիճակին անկողմնակալ գնահատական տալու, կտրուկ և գործնական փոփոխություններ հնարավորինս արագ իրականացնելու անհրաժեշտությունը։
Իրավիճակը պահանջում է Հայաստանի և Սփյուռքի առողջ և շահագրգիռ ուժերի, քաղաքական, գիտական, տնտեսական, մասնագիտական և այլ ռեսուրսների շտապ միավորում, գործնական և արագ արձագանքման համակարգի ստեղծում։ Սակայն այդ ամենը կարող է լիարժեքորեն իրականացվել միայն հայության հետզհետե մոռացվող հոգևոր և մշակութային արժեհամակարգի վերականգնման և հանրայնացման հետ միաժամանակ՝ ապահովելու ձեռնարկվող նախաձեռնությունների հայրենասիրական ամուր հիմքը, կայունությունն ու հեռանկարային ակնկալիքները։
Փաստ է, որ և Հայաստանում և Սփյուռքում կան մտավոր, մշակութային, քաղաքական և այլ հզոր ռեսուրսներ, որոնք կարող են իրականացնել էական բարեփոխումներ, սակայն դրանք լայնորեն սփռված են, անհրաժեշտ մակարդակով չեն միավորված և ադյունավետ չեն օգտագործվում։ Հիմա արդեն հրամայական անհրաժեշտություն է դառնում կուսակցական, խմբային, հատվածական և այլ նեղ շահերից վեր հայության հոգեկերտվածքը պահող ինքնության առանցքի շուրջ ողջ հայության ներուժի միավորումը։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա։
Վանո Դադոյանի կոչի ներքո ձեւավորված նախաձեռնող խումբը ստեղծում է “Հայության հոգեւոր արժեհամակարգի զարգացման և պետականության ամրապնդման Համազգային Աջակցման Հարթակ” (այսուհետ՝ ՀԱՀ)։ Այն կհրավիրի, կմիավորի և կկազմակերպի մարդկային, մասնագիտական, նորարական և այլ հնարավոր ռեսուրսներ՝ հայության հոգևոր արժեհամակարգի զարգացման ու պետականության ամրապնդման, այդ թվում՝ Հայաստանի և Սփյուռքի կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված համազգային հաղորդակցման դաշտի ստեղծման, ուսումնասիրությունների, կարծիքների և լուծումների առաջարկման, քննարկումների, որոշումների կայացման և, վերջապես, գործնական քայլերի իրականացման նպատակով։
ՀԱՀ-ի հիմնական թեմաները ներառելու են հետևյալ նախաձեռնությունները․
1. Ազգային հոգևոր մոռացվող մշակույթի վերականգնում և հանրայնացում,
2. Ազգային պատմության կարևոր դրվագների ու մշակութային ավանդույթների բացահայտում, հրապարակում և տարածում,
3. Հայաստան – Սփյուռք միասնական հանրության ձևավորման նոր սկզբունքների և հնարավորությունների բացահայտում,
4. Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության էական բարելավմանն ուղղված նոր հնարավորությունների խրախուսում և աջակցում։
ՀԱՀ-ի գործունեության ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ կոնֆերենցիաներ, հանդիպումեր, անհատական դեմառդեմ, նաև վիդեո/ձայնային այլ կապերով քննարկումներ և այլն։ Այդ նպատակով ՀԱՀ-ը կունենա ինտերնետային մասնագիտացված կայք (հաղորդակցման կենտրոն՝ Hub) և սոցիալական ցանցերում ակտիվ ներկայություն։ Ակնկալվում է, որ իր նպատակների շրջանակներում հետզհետե կընդլայնվի ՀԱՀ-ի թեմաների բազմազանությունը, երևան կգան և կիրականացվեն նոր նախաձեռնություններ։
ՀԱՀ-ի ստեղծման, գաղափարական հենքի ձևավորման, ինչպես նաեւ գործունեության առաջին փուլի իրականացման նպատակով բարյացակամ աջակցություն է տրամադրվում մեր ամերիկաբնակ ազգասերների կողմից։ Հուսով ենք, որ իր գործունեության և արդյունքների շնորհիվ ՀԱՀ-ը Հայաստանից և Սփյուռքից կունենա բազմաթիվ այլ աջակիցներ ևս։
ՀԱՀ-ի գործունեության մասին լրացուցիչ և ավելի մանրամասն տեղեկությունները շուտով կհրապարակվեն։
ՀԱՀ նախաձեռնող խումբ
16 սեպտեմբերի 2020թ․
02-26-2019

Փնտրում ենք բրենդավորման մասնագետ

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (CDPF) փնտրում է բրենդավորման մասնագետ, ով նախագծելու և կազմակերպելու է <Հայկական բիզնես կոալիցիա> (ՀԲԿ) նախաձեռնության բրենդավորման, ընթացիկ աշխատանքների լուսաբանման և հանրային կապերի զարգացման աշխատանքները: Բրենդավորման մասնագետը ղեկավարելու է նաև ՀԲԿ ինտերնետային կայքի և սոցիալական ցանցերում ՀԲԿ էջի ստեղծման և հաղորդակցման աշխատանքները:

 

Բրենդավորման մասնագետը աշխատելու է ոչ լրիվ հաստիքով՝ նախապես պայմանավորված ժամանակացույցով:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

 

  • համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • բրենդավորման և PR աշխատանքների առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
  • սոցցանցերի վարման, ինտերնետային կայքի օպտիմիզացման և առաջխաղացման փորձ:

 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ներն ուղարկել gagik.vardanyan@cdpf.am էլ. հասցեին: Դիմելու վերջնաժամկետը 07 մարտի 2019թ.:

02-26-2019

Փնտրում ենք վեբ-կայք նախագծող և պատրաստող գործընկեր

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (CDPF) փնտրում է ինտերնետային կայքի նախագծման համար փորձառու գործընկեր: Անհրաժեշտ է <Հայկական բիզնես կոալիցիա> նախաձեռնության համար ինտերնետային կայք, հետևյալ նվազագույն պայմաններով՝ (հայերեն և անգլերեն), շարժական սարքավորումներին հարմարեցված Responsive ⁄ ադապտիվ դիզայն, բաժանորդագրության մոդուլի մշակում՝ mailchimp համակարգին կից, մեկնաբանությունների անհատական համակարգ:

Հետաքրքրվածներին խնդրում ենք մինչև 2019թ. մարտի 7-ը, ժամը 15:00 gagik.vardanyan@cdpf.am հասցեին ուղարկել գնառաջարկ՝ ստորև բերված ձևաչափով: Խնդրում ենք ծառայության գինը ներկայացնել ՀՀ դրամով, առանց ԱԱՀ:

 

 

ԳՆԱՌԱՋԱՐԿ

ուժի մեջ է մինչև……………….

 

 

  1. Կազմակերպության անունը՝
  2. ՀՎՀՀ՝
  3. Հասցե՝
  4. Հեռախոս/Էլ.փոստ՝
  5. Պատասխանատու անձ  (անուն/պաշտոն)՝
  6. Աշխատանքների կատարման ժամկետ, մինչև՝
  7. Ծառայության գինը՝ ………………………………ՀՀ դրամ (առանց ԱԱՀ)
  8. Գնառաջարկի լրացման ամսաթիվ՝      ……/……/ 2019թ.
08-15-2018

Հանդիպում-քննարկում Սոցիալական ձեռներեցության՝ ընդհանուր հետաքրքրություն առաջացրած թեմաների վերաբերյալ

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ‹‹ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի›› շրջանակներում ֆինանսավորվող ‹‹Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն›› նախագծի իրականացման շրջանակներում ծրագրի շահառու ՀԿ-ներին օգոստոսի 21-ին ժամը 12:00-ին հրավիրում է մասնակցելու ՔԶՀՀ գրասենյակում (Երևան, Չարենցի 1, 208 սենյակ) տեղի ունեցող հանդիպմանը, որի ընթացքում փորձագետների կողմից կտրվի խորհրդատվություն հետևյալ թեմաների վերաբերյալ՝ սոցիալական ձեռներեցության  իրականացման իրավական կարգավորում, բիզնեսների արդյունավետ կառավարման գործիքներ, արտադրության տեխնոլոգիաներ, հաշվապահական հաշվառում ու հարկման տարբերակներ, ինչպես նաև կխոսվի Հայաստանի Սոցիալական Ձենարկությունների Ասոցիացիայի գործունեությանը և վերջինիս անդամագրվելու հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում հնարավորություն կստեղծվի միմյանց հետ հաղորդակցվելու, առաջացած խնդիրների և լուծումների մասով փորձ փոխանակելու, նաև մոտ ժամանակներում նման լրացուցիչ հանդիպումներ պլանավորելու համար: Հուսով ենք, որ սա նաև խթան կլինի անմիջական կապերով ձեր հետագա համագործակցության համար:

Հանդիպմանը կարող են մասնակցել յուրաքանչյուր կազմակերպությունից մինչև երեք ներկայացուցիչ: Հանդիպմանը ներկա կլինեն վերոհիշյալ ոլորտների մեր փորձագետները:

Խնդրում եմ մինչև օգոստոսի 20-ը հաստատեք Ձեր և/կամ Ձեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը: