Նորություններ

03-14-2018

Ի՞նչ ներուժ և խնդիրներ ունի Սպիտակի «Շողեր» ՀԿ-ն թաղիքագործության և ձեռքի աշխատանքներ պատրաստելու մեջ

1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո հիմնված և մինչ օրս Սպիտակ քաղաքում գործող «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի հեղինակը Շողիկ Ամիրխանյանն է, ով երկրաշարժից հետո Երևանից մեկնելով Սպիտակ՝ այնտեղ որպես բարեգործական հասարակական կազմակերպություն հիմնել է այս կենտրոնը: Կենտրոնը զբաղվում է Սպիտակ քաղաքի ու հարակից Ջրաշեն ու Սարամեջ գյուղերի երեխաների զարգացման հարցերով: Շողիկ Ամիրխանյանի ու կենտրոնի բոլոր աշխատակիցների նպատակը մեկն է՝ տեղի շնորհալի երեխաների մեջ սերմանել սեր դեպի արվեստ և հետաքրքրություն դեպի ժամանակակից համակարգչային գիտելիքները, մասնավորապես՝ ռոբոտաշինություն և ծրագրավորում ուղղությունները:

Կենտրոնում գործող յուրաքանչյուր խմբակ իր առանձին սենյակն ունի, որտեղ տեղ են գտնում երեխաների պատրաստած ռոբոտները, գեղեցիկ նկարները, ձեռքի տարբեր աշխատանքներ: Վերջին շրջանում կենտրոն սկսել են հաճախել ոչ միայն երեխաները, այլ նաև տեղացի կանայք, ովքեր այստեղ հմտանում են թաղիքագործության, ասեղնագործության և նմանատիպ այլ արտադրանքներ ստեղծելու մեջ: Հատկապես ուշագրավ են թաղիքից պատրաստված հողաթափերը, գլխարկները, շարֆերը, ձեռնոցները, ծաղիկներն ու խաղալիքները:

Արվեստասեր այս կանանց համար առաջնայինն այն է, որ հնարավորություն ունեն առնչվել արվեստի հետ, զբաղվել իրենց համար արդեն սիրելի դարձած աշխատանքով: Այժմ նրանց ցանկությունն այն է, որ իրենց աշխատանքները վաճառքի հանելու հնարավորություն ունենան, իսկ վաճառքից ստացված եկամուտն օգտագործեն տեքստիլ արտադրանքներ թողարկելու ծավալներն ընդլայնելու և այդ ճյուղը Սպիտակում զարգացնելու մեջ: Կենտրոնի խնդիրն է Սպիտակում մեծացնել կանանց զբաղվածության մակարդակը և ավելի ընդլայնել նրանց ներգրավումն արվեստի և ձեռագործ իրեր պատրաստելու մեջ, իսկ տեխնիկական անհրաժեշտ միջոցներ ունենալու դեպքում թողարկել մրցունակ արտադրանք:

Հենց այս նպատակով էլ ‹‹Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն›› նախագծի իրականացման շրջանակներում մարտի 13-ին «Շողեր» մանկապատանեկան կենտրոն էին այցելել Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը և հասարակայնության հետ կապերի համակարգող Նունե Ղազարյանը: ՀԿ-ի նախագահ Շողիկ Ամիրխանյանի հետ քննարկվեցին այդ սոցիալական ձեռներեցությունը նախաձեռնած կենտրոնի՝ տեքստիլից և թաղիքից պատրաստված գլխարկների, ձեռնոցների, հողաթափերի և նմանատիպ այլ արտադրանքների ընդլայնման նպատակով տեխնիկական աջակցության կարիք ունեցող հարցերը, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները:

Շողեր Ամիրխանյանի համոզմամբ՝ ֆինանսական լրացուցիչ օժանդակություն ստանալու դեպքում «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի ստեղծագործական ու արտադրական գործունեությունը, որն իրականանում է աշխատակիցների մեծ նվիրումի ու աշխատասիրության շնորհիվ, կարող է ընդլայնվել և ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ:

վերադառնալ բոլոր նորություններին
ccc sss

մեկնաբանություն