Սույն թվականի սեպտեմբերի 8-ին կայացավ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) կողմից մշակված և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2019, Հայաստան» թվով 23-րդ զեկույցի առցանց (ZOOM ձևաչափով) ներկայացում-քննարկումը, որին մասնակցեցին կառավարության, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև USAID Armenia-ի տնօրեն Դեբորա Գրիզերը:
Արդեն 6-րդ անգամն է, որ ՔԶՀՀ-ն իրականացնում է տարեկան ուսումնասիրություններ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները գնահատելու նպատակով։
Զեկույցի ներկայացմանը ՔԶՀՀ տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ այս ցուցանիշները եզակի և կարևոր գործիք են ՔՀԿ-ների, կառավարությունների, դոնորների, սոցիոլոգների և շահագրգիռ բազմաթիվ այլ կողմերի համար՝ հասկանալու, թե ինչպիսին են ՔՀԿ ոլորտի վիճակը, կայունության աստիճանը, միտումները և զարգացումները:
ՔԶՀՀ փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց 2019 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին․
Համաձայն իրականացված հետազոտության՝ ՔՀԿ ոլորտի ընդհանուր կայունությունը 2019 թ-ի ընթացքում նշանակալի փոփոխությունների չի ենթարկվել, թեև որոշակի բարելավումներ նկատվել են կազմակերպական կարողությունների և շահերի պաշտպանության ոլորտներում։ ՔՀԿ շահերի պաշտպանությունը բարելավվել է՝ շնորհիվ ՔՀԿ կոալիցիաների՝ հանրային քաղաքականությունների մշակման վրա ազդեցության մեծացման։
Սոնյա Մսրյանը նաև մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի ՔՀԿ ոլորտի կայունության ցուցանիշների համեմատությունները ԱՊՀ 6 այլ երկրների ցուցանիշների, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր 24 երկրների ՔՀԿ ոլորտի կայունության ցուցանիշների նկատմամբ՝ հասկանալու համար Հայաստանի ՔՀԿ ոլորտի հաջողություները, խնդիրները և զարգացման միտումները։
Զեկույցի Հետազոտական աշխատանքներում ներգրավվել են 19 էքսպերտներ՝ ՔՀԿ ոլորտին առնչվող տարբեր մասնագիտություններով՝ տեղական, միջազգային և կառավարության հետ անմիջականորեն համագործակցող հասարակական կազմակերպություններից, Think Tank-երից և ռեսուրս կենտրոններից, որոնք աշխատում են Երևան, Գեղարքունիք, Լոռի և Սյունիք մարզերում։
Զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Profit Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Զեկույցների էլեկտրոնային տարբերակները տե՛ս ստորև՝
<<Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2019, Հայաստան>>
“Civil Society Organization Sustainability Index 2019 for Armenia”
վերադառնալ բոլոր նորություններինԱյս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: