Փետրվարի 12-ին «Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի ենթադրամաշնորհառու կազմակերպության՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) ընդհանուր ժողովը, որին ներկա էին ՀԲԿ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը և ՓՄՁ համագործակցության ասոցացիայի հիմնադիր Հակոբ Ավագյանը:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Կարեն Զադոյանը, Հակոբ Ավագյանը և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը, ով ներկայացրեց նաև «Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի համառոտ նկարագիրը, նպատակները և խնդիրները:
Կարեն Զադոյանը նշեց, որ որ կոալիցիայի կազմումը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչներին մեկ տեղ հավաքել, ինչը հզոր ձայն կունենա ոչ միայն կառավարության հետ երկխոսության, հանրային քաղաքականությունների վրա ազդելու համար, այլև այլ դոնոր կազմակերպություններից աջակցություն ստանալու համար: Սա կոալիցիային թույլ կտա առաջիկայում մասնակցել ոլորտային բարեփոխումներին:
Ըստ Կարեն Զադոյանի՝ կոալիցիայի զարգացման համար 3 բան է անհրաժեշտ՝ ուժեղ անդամություն, հստակ տեսլական և կառուցողական երկխոսության համար անհրաժեշտ ուժեղ փորձագիտություն, որպեսզի կարողանա հանրային քաղաքականությունների վրա հստակ ազդեցությունուն ունենալ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի առանձնահատկությունները, նպատակները, հնարավորությունները, գործունեության ֆորմատը և քայլերը, սպասվող արդյունքները և հեռանկարային ակնկալիքները:
Որոշում ընդունվեց հաստատել կոալիցիայի գործունեության կանոնակարգը, որը երկշաբաթյա ժամկետում հնարավոր է խմբագրական փոփոխությունների ենթարկվի, մասնավորապես՝ կոալիցիայի անդամակցության և նպատակների սահմանման հարցերում:
Անցկացված քվեարկության արդյունքում ձայների մեծամասնության շնորհիվ ՀԲԿ քարտուղարության դերը ստանձնեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը: Ընտրվեց 9 անդամ կազմակերպություններից բաղկացած ՀԲԿ խորհուրդ, որին հետագայում հնարավոր է միանան ևս 2 կազմակերպություններ: Քվեարկության արդյունքում ՀԲԿ խորհրդի նախագահ ընտրվեց Փոքր և միջին բիզնեների հիմնադրամի նախագահ Գագիկ Պողոսյանը:
Գագիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերների կողմից ցուցաբերված մեծ վստահության և իրեն միաձայն խորհրդի նախագահ ընտրելու համար:
– Սա մեծ պատասխանատվություն է, բայց ես հուսով եմ և համոզված եմ, որ ներգրավված բոլոր կազմակերպությունները կօգնեն ինձ անել այնպես, որ կոալիցիայի անունը հնչի բոլոր հարթակներում, այլապես կառույցի գոյությունը իմաստ չի ունենա: Մենք հավաքվել ենք մեր ուժերը համատեղելու համար: Կոալիցիան պետք է իր գործունեությունը արդյունավետ ծառայի, մանավանդ պետական-մասնավոր երկխոսության բոլոր հարթակներում,-ասաց Գագիկ Պողոսյանը:
«Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի զարգացնել և հզորացնել <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ):
վերադառնալ բոլոր նորություններին
Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: