Նորություններ

05-04-2019

ՀԲԿ խորհուրդը քննարկեց Գյումրի և Գավառ քաղաքներում բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակների ծառայությունների արդյունքները

Մայիսի 3-ին և 4-ին Աղվերանում տեղի ունեցավ Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը: Երկօրյա նիստի  ընթացքում իրականացվեցին Գյումրի և Գավառ քաղաքներում բիզնես հաշտարարի ծառայությունների պիլոտային փորձարկման արդյունքների քննարկում և վերլուծություն, ՀԲԿ գործունեության հետագա շարունակականության ապահովման և իրավական դաշտի հետ համապատասխանելիության հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ:

Կառավարման խորհրդի անդամներից բացի՝ նիստին մասնակցում էին նաև <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> ծրագրի ղեկավար, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, ՀԲԿ փորձագետ Էլինար Վարդանյանը, ՀԲԿ կոնսորցումի անդամ ՇԱԱՊ-ի ներկայացուցիչ Գրիգոր Ավետիսյանը, ինչպես նաև Գյումրի և Գավառ քաղաքների բիզնես հաշտարարի ծառայությունների պիլոտային գրասենյակների իրավաբաններ Հայկ Հարությունյանը և Վարդան Ղաջոյանը:

ՀԲԿ խորհրդի անդամ Անահիտ Շահզադյանը և Գավառի բիզնես հաշտարարի գրասենյակի իրավաբան Վարդան Ղաջոյանը ներկայացրին իրենց տարածքներում բիզնես հաշտարարի պիլոտային գործունեության արդյունքները և խնդիրները: Վերջիններս նշեցին, որ բիզնես հաշտարարին դիմած հաճախորդների ունեցած խնդիրներն առավել հաճախ պայմանավորված են ոլորտի կարգավորման իրավական դաշտի և իրենց իրավունքների մասին թերի գիտելիքներով կամ վերջինիս բացակայությամբ, հարկային տեսուչների կողմից բիզնեսների նկատմամբ հաճախ դրսևորվող անօրինական կամ ստուգումների ընթացակարգին հակասող դրսևորումներով, արհեստական ճնշումներով և տուգանքներով և այլն:

Ըստ բիզնես հաշտարարների՝ առավել հաճախ գրասենյակներ են դիմում միկրո և փոքր բիզնեսները: Միաժամանակ, բիզնեսները հաճախ չեն դիմում բիզնես հաշտարարին՝ վերջինիս նկատմամբ դեռևս չձևավորված վստահության, նրանց դերի, իրավասությունների և հնարավորությունների մասին բավարար տեղեկացված չլինելու, բիզնես հաշտարարի գործունեության առայժմ ժամանակավոր բնույթի, ինչպես նաև հարկային տեսուչների հետ բիզնես հաշտարարին դիմելու դեպքում հետագա կոնֆլիկտներից խուսափելու պատճառներով:

ՀԲԿ խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը նշեց, որ բիզնես հաշտարարի ինսիտուտը ստեղծվում է ոչ միայն գերփոքր, փոքր և միջին բիզնեսների օրինական շահերը պաշտպանելու և դաշտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարելու համար, այն նաև կունենա կանխարգելիչ և լայն իրազեկման գործունեություն իրականացնելու գործառույթներ: Այդ ինստիտուտի կարևոր նպատակներից կլինի ոլորտի խնդիրների վերհանման, համակարգման, վերլուծման, արդյունքում՝ նաև կանոնակարգային/օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման և ջատագովության իրականացումը:

Բիզնես հաշտարարի ինստիտուցիոնալ կառուցվածքի մասով առաջարկված հնարավոր մի քանի տարբերակները, ինչպես նաև ՀԲԿ գործունեության հետագա շարունակականության ապահովման և իրավական դաշտի (մասնավորապես՝ ՀՀ գործող Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի) հետ համապատասխանելիության հնարավորությունների վերաբերյալ հարցերը կքննարկվեն մոտակա հանդիպման ժամանակ:

 

«Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից  ֆինանսավորվող՝    «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի զարգացնել և հզորացնել <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ):

 

  

վերադառնալ բոլոր նորություններին

մեկնաբանություն